Home


Այս տարիքում շատ երեխաներ կարողանում են ինքնուրույն կանգնել կամ անգամ քայլել: Նրանք իրականացնում են առաջին քայլերը և դուք, հավանաբար, արդեն մտածում եք կոշիկների մասին: Սակայն երեխաներին տան պայմաններում ընդհանրապես կոշիկ պետք չէ: Քայլելով տարբեր մակերևույթների վրա (մանրահատակ, սալիկ, գորգ)` երեխայի մոտ զարգանում է հավասարակշռության զգացումը:

Եթե այս տարիքում փոքրիկն ինքնուրույն չի նստում, դիմեք բժշկի: Շատ կարևոր է բժշկի եզրակացությունն ու օգնությունը, քանի որ արատավոր երեխաների դեպքում բոլոր արատները չէ, որ ի հայտ են գալիս առաջին իսկ օրվանից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն 9 ամսականում երեխային սննունդը պետք է տալ կտորներով: Եթե նախկինում օգտագործում էիք հարիչներ և բալիկին տալիս էիք պյուրեներ, ապա այժմ ճիշտ ժամանակն է հրաժարվել այդ ամենից: Պարզապես եփեք բանջարեղենը և տրորեք այն պատառաքաղով, որպեսզի կտորներն անվտանգ լինեն: Այսպես երեխան կսովորի, որ կերակուրը միօրինակ չէ: Բացի այդ, այս շրջանը շատ կարևոր է դիմածնոտային համակարգի զարգացման համար, ինչպես նաև ծամելու գործընթացի համար:

Երեխայի հետ ճանապարհորդելը դառնում է ավելի դժվար, քանի որ նա առանձնապես չի ցանկանում դուրս գալ ծանոթ միջավայրից: Հյուր գնալը կարող է վերածվել պարզապես լաց ու կոծի, սակայն այն երկար չի տևում, քանի որ փոքրիկն աստիճանաբար հասկանում է, որ մայրիկն իր մոտ է և կարելի է հանգիստ խաղալ ու ժամանակ անցկացնել այդ միջավայրում: Նա կարող է հաճախակի փնտրել ձեզ հայացքով: Փոքրիկի համար շատ կարևոր է, որ հարազատներն իր մոտ են և ինքն անվտանգության մեջ է:

Բալիկն արդեն բավական լավ է կողմնորոշվում ծանոթ միջավայրում, որտեղ իր խաղալիքներն են, իր գրքերն ու իրերը: Շատ երեխաներ հանգիստ սողում են ամբողջ տնով մեկ, ուստի փոքրիկի համար պետք է ստեղծել հնարավորինս անվտանգ իրավիճակ:

Նա արդեն գիտի, թե ով են հայրիկն ու մայրիկը, ճանաչում է իրեն հայելում: Բալիկն առանձնացնում է իրեն որպես անհատականություն: Սա զարգացման շատ կարևոր փուլ է:

Այս շրջանում երեխան արդեն կարող է.

♦ ինքնուրույն նստել և մնալ տվյալ դիրքում,

♦ տարբեր դիրքերում ազատ շարժվել՝ սողեսող և չորեքթաթ,

♦ ինքնուրույն կանգնել հենարանի մոտ և բռնվելով ազատ տեղաշարժվել,

♦ մեծահասակների ձեռքը բռնած մի քանի քայլ անել,

♦ տալ առարկան, երբ ասում եք «տուր այն» և վերցնել, երբ ասում եք «վերցրու այն»,

♦ ծնողների վրա ցույց տալ մարմնի տարբեր մասեր (քիթ, աչք, ականջ)

♦ կոնկրետ ձայներ հանել՝ փորձելով ասել ինչ-որ բան,

♦ ափսեից վերցնել կերակրի կտորներ:

Քանի որ բալիկը զբոսնում է տան ամբողջ տարածքում, անհրաժեշտ  է բանալիով փակել վտանգավոր նյութեր պարունակող դարակներն ու դռները: Նրանք շատ արագ կարող են փորձել լվացքի փոշին կամ կուլ տալ ինչ-որ վտանգավոր իր: Դա չափազանց վտանգավոր է, այնպես որ եղեք հնարավորինս ուշադիր:

 

Այս տարիքում շատ կարևոր են զարգացնող խաղերը, սակայն այս դեպքում էլ պետք է ուշադիր լինել, որ խաղալիքները չլինեն վնասակար և շատ մանր, որպեսզի երեխան չկարողանա կուլ տալ դրանք: Շատ երեխաներ ցանկանում են փորձել գլուխկոտրուկի, կոնստրուկտորի կամ այլ գունավոր խաղալիքի դետալները: Փորձեք ամեն դեպքում խրախուսել երեխային ճիշտ գործողություններ կատարելիս, քանի որ դա խրախուսում է փոքրիկին և մոտիվացնում ձգտել ավելիին:

 

9

 

Փոքրիկի տեսողությունը գրեթե մեծահասակի նման է: Նա հաջողությամբ տեսնում է ինչպես հեռուն, այնպես էլ մոտակայքը, կարող է հանգիստ հետևել արագ շարժվող իրերն ու մարդկանց: Ձեռքերն ու աչքերը փոխկապակցված են և շարժողական ռեֆլեքսները զարգանում են տեսողության հետ համահունչ: Օրինակ, երբ փոքրիկը տեսնում է խաղալիքը սենյակի մյուս ծայրում և սկսում է սողալ դեպի այն:

Փոքրիկը քնում է օրվա մեջ 12-16 ժամ: Որոշ փոքրիկներ կարող են քնել միանգամից 2 ժամ, որոշ բալիկներ 20-30 րոպե մի քանի անգամ:

Երեխայի լսողությունը լավ զարգացել է, նա լսելով իր անունն անմիջապես արձագանքում է: Երբ հարցնեք՝ «ո՞ւր է հայրիկը», նա աչքերով փորձում է փնտրել հայրիկին:

Հնարավորինս շատ իրերը կոչեք իրենց անուններով, փոքրիկը սկսում է հասկանալ, որ ամեն ինչ ունի իր առանձին անվանումը: Այժմ նրա մոտ պասիվ բառապաշար հավաքելու շրջան է, որը շուտով նրան պետք կգա:

Բալիկն արդեն հասկանում է, թե ինչպես կարող է գրավել ձեր ուշադրությունը: Որքան կարող եք շատ շփվեք ձեր բալիկի հետ, քանի որ նա ավելի շատ բան կսովորի սեփական լեզվի մասին: Նրա մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը: Փորձեք անընդհատ օգնել նրան և շուտով կտեսնեք, թե որքան է ձեր փոքրիկը մեծացել:

Նրա մոտ սկսում են ի հայտ գալ բնավորության գծերը: Որոշ երեխաներ հանգիստ են, հավասարակշռված, մյուսները ընդհակառակը՝ առավել աշխույժ են և չարաճճի:  Ոմանք ժպտում են և շատ ուրախ են, ոմանք ամաչկոտ են և կաշկանդված: Ինչպիսին էլ լինի ձեր փոքրիկը, նրա մոտ արդեն ամեն ինչի նկատմամբ ձևավորվում է սեփական կարծիք: